Էտ ինչ հանրապետական խաղեր ես տալիս. Նարե Գրիգորյան

Կառավարության աշխատակից Նարե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը իրեն ազատել է աշխատանքից, քանի որ նա չի կարողացել երեկոյան ժամերին աշխատել

Armdaily.am- ին Գրիգորյանը հայտնեց, որ Պապիկյանին դիմել է, որ գոնե մեկ ամիս ժամանակ տա իրեն.«Ասաց գոհ եղիր,որ հինգ օր եմ տալիս: Դե ես էլ այդ հինգ օրն էլ չսպասեցի, հենց այս օրով գրեցի»: Նարեի պնդմամբ Պապիկյանը ասել է, որ իրեն այնպիսի հանձնարարություններ կտա, որպեսզի վերջինս դրանց տակից չկարողանա դուրս գալ: Նարե Գրիգորյանը ժամանակին դիմել է աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, բայց այս անգամ դիմելը համարում է անիմաստ.«Իմաստ չկար նրան կրկին դիմելու, որովհետև նա ինձ ոչ մի հարցում չէր օգնի:

Նրանք , եթե չեմ սխալվում, ընկերներ են, և Պապիկյանն ինձ օրեր առաջ ասաց՝ ինչ է, կարծում ես Աղաջանյանը քեզ է պաշտպանելու՞» Գրառման մեկնաբանություններում շատերն էին խորհուրդ տվել Գրիգորյանին պատկան մարմիններին դիմել, բայց վերջինս չի պատրաստվում դիմել, ասում է՝  այդ մարդկանց հետ այլևս չի ցանկանում աշխատել.« Ես հիմա բարձրաձայնում եմ, որ մյուս իմ գործընկերներին իմ դառը ճակատագիրը բաժին չհասնի: Պապիկյանն ամեն  ժողովի ժամանակ սպառնում էր ասելով, թե բոլորիդ կհանեմ, չեք կարում աշխատեք, անգրագետ եք, ոչ մի թուղթ մոտս նորմալ վիճակում չեք բերում:  Ես նրան ասում եմ՝ պարոն Պապիկյան, աշխատանքային օրենսգրքում գրված է այսպես, նա ինձ ասում է էդ ինչ հանրապետական խաղեր ես տալիս: Երկու ամիս նա կոլեկտիվին ասում էր՝ շնորհակալ եղեք, որ ձեզ գործից չեմ հանում և իմ մարդկանց չեմ բերում»:

Armdaily.am կապ հաստատեց նաև Վահան Պապիկյանի հետ, բայց վերջինս ասաց, որ այս գործի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ չի ցանկանում:

Like this post? Please share to your friends: