Ինչպես է Փաշինյանի պատրաստած ձուկը տպավորել Հայաստանի գլխավոր խոհարարին

Շեֆ–խոհարար Սեդրակ Մամուլյանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոհարարական հմտությունների մասին ու ներկայացրել է ամենահամեղ խորովածի բաղադրատոմսը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ է պատրաստում, նա խոհարարական հոտառություն ունի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Բանն այն է, որ մի քանի տարի առաջ, երբ Փաշինյանը շարքային պատգամավոր էր, մասնակցում էր տեղական հեռուստաալիքներից մեկի խոհարարական հաղորդմանը։
«Ինձ բախտ է վիճակվել համտեսել ներկայիս վարչապետի պատրաստած ձուկը։ Նա ձուկը բանջարեղենի հետ էր խաշել ու կարծում եմ` դա հիանալի էր։ Շատ էի հավանել։ Զգացվում էր, որ Փաշինյանը խոհարարական հոտառություն ունի։ Նա շատ գրագետ էր որոշել համեմունքների և այլ բաղադրիչների հարաբերակցությունը։
Հայաստանի գլխավոր խոհարարն ուրախ կլիներ, եթե վարչապետը կարողանար ներկա գտնվել օգոստոսի 17–18–ին Ախթալայում կայանալիք Խորովածի հոբելյանական`10–րդ փառատոնին։ Հատկապես, որ հայկական խորովածը վարչապետի սիրելի ուտեստներից է։

Արդեն տասը տարի շարունակ Հայաստանում օգոստոսի նախավերջին հանգստյան օրերին ավանդական հայկական խորովածի փառատոն է անցկացվում։ Հայ խոհարարներն ուզում են հասնել նրան, որ այդ օրը միջազգային տոների ցանկում ընդգրկվի։< Նրանք առաջարկում են օգոստոսի նախավերջին հանգստյան օրերն արձանագրել որպես Խորովածի միջազգային օր։ Ընդ որում, առաջարկվում է Ախթալան հռչակել խորովածի միջազգային քաղաք։ «Մենք համոզված ենք, որ խոհարարության մեջ չկա սեռ, ռասա, կրոնական հայացքներ։ Այդ պատճառով մենք Ախթալան խորովածի միջազգային խաղաք ենք հռչակել», – ասաց Մամուլյանը։ Խորովածի ավանդական փառատոնը գրավել է ոչ միայն տեղացիներին, այլև զբոսաշրջիկներին։ Շատերը հատուկ փառատոնի համար են Հայաստան գալիս։ Մամուլյանը համարում է, որ փառատոնը հաջողված է ու հպարտորեն փաստում է, որ Ախթալան հանրահայտ զբոսաշրջային ուղղություն է դարձել, այդ թվում` նաև փառատոնի շնորհիվ։ Այս տարի հյուրերին ու մասնակիցներին ընդլայնված ծրագիր է սպասվում։ Նաև կկազմակերպվի վարպետության դաս, որի ընթացքում մասնագետները կներկայացնեն, թե մսի տարբեր տեսակների հետ ինչ համեմունքներ է պետք օգտագործել։ Հայաստանի գլխավոր խոհարարը պարզաբանել է նաև` ինչով է հայկական խորովածը տարբերվում մնացածից ու ինչու են շատերը հենց մեր ավանդական խորովածն ամենահամեղը համարում։ Հայ խոհարարների պատրաստած խորովածն առանձնանում է համեմունքների քիչ քանակությամբ։ Ու դրա պատրաստման համար կրակն անում են խաղողի կամ բալենու ճյուղերից։ Այստեղ իր դերակատարությունն ունի նաև ուտեստի պատրաստման տեխնիկան։ «Առավել համեղ է այն խորովածը, որը պատրաստված է ոչ թե անմիջապես կրակի վրա, այլ կրակի կողքը։ Այսպիսով միսը հավասարաչափ է եփվում, ու թունավոր նյութերը, ածուխի վրա ընկելիս ու այրվելիս, մսի մեջ չեն հայտնվում», – ասաց Մամուլյանը։ Խորովածի պատրաստման այս տեխնիկան մեծ տարածում ուներ Կարսում։ Այդ պատճառով այդպիսի խորովածը Կարսի խորոված են անվանում։ Armeniasputnik.am

Like this post? Please share to your friends: