Ինչ շանս է տվել Թրամփը Բաքվին. խուճապ ու մանիպուլյացիա Երեւանում

Հայաստանում թավշյա հեղափոխության գործընթացին զուգահեռ, եւ այդ հեղափոխության արդեն իշխանական փուլում հաճախ է արտաքին քաղաքական հարաբերությունների համատեքստում խոսվում ամերիկա-ադրբեջանական հարաբերության մասին, ապրիլ-մայիսին Ադրբեջանի նախագահին ԱՄՆ նախագահից մի քանի առիթներով շնորհավորանքների, Մամեդյարովի ԱՄՆ այցի, ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարի եւ Ալիեւի ամերիկյան հնարավոր այցերի մասին:

Այդ իրողությունները փորձ է արվում ներկայացնել իբրեւ ամերիկա-ադրբեջանական հարաբերության աշխուժացում եւ բարելավում, ու այդ ֆոնին նաեւ ուղղակի եւ անուղղակի մատուցել, թե հայ-ամերիկյան հարաբերությունը դոփում է տեղում եւ դա թավշյա հեղափոխության ու մասնավորապես նաեւ դրա արդյունքում իշխանության եկած քաղաքական թիմի արտաքին քաղաքական անպատրաստության հետեւանքով:
Այն, որ այդ թիմը ունի արտաքին քաղաքականության հայեցակարգային հստակեցումների, բովանդակային համալրման խնդիր, միեւնույն ժամանակ նաեւ կադրային, անհերքելի է: Մյուս կողմից նկատելի է, որ այստեղ իրավիճակը դանդաղ, բայց որոշակիանում է, ինչն արտահայտվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների տեսքով, որոնք առնչվում են այս կամ այն ուղղությանը:

Այդ հայտարարությունները շատ ականջների «խորթ» են հնչում, քանի որ դրանք բնորոշ են լեգիտիմ իշխանությանը, ինչը Հայաստանում գործնականում աննախադեպ երեւույթ է, եւ դրա վրա կառուցվող քաղաքականությունը բերում է խուճապի:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը միարժեք դրել է խնդիրը, որ Հայաստանի նոր իշխանությունն ունի արտաքին քաղաքականության մեջ բովանդակության, ոչ թե կողմնորոշման փոփոխության խնդիր: Եվ երբ կողմնորոշման բանալ դաշտից դուրս են բերում իրավիճակն ու դրա գնահատման մեխանիզմը, ապա ակնառու է դառնում, որ բովանդակային վերանայման ուղղությամբ Հայաստանի հետ պատրաստ են աշխատել գործնականում բոլոր դերակատարները:

Իհարկե անկասկած է, որ այդ աշխատանքը չի կարող լինել արագընթաց: Նոր իշխանությունը պետք է ձեւավորվի հնարավորինս ամբողջական, պետք է ֆիլտրվի արտաքին քաղաքական թիմն ու ձեւավորվի ավելի ամբողջական, միաժամանակ ժամանակ է պետք միջանձնային եւ միջկառավարական կապեր ձեւավորելու համար, ինչը բնական է բոլոր պետությունների պարագայում:

Այդ ամենը ներկայացնել իբրեւ անհաջողություն, իբրեւ անարդյունավետություն, կնշանակի կամ դրսեւորել արտաքին, միջպետական հարաբերությունների բնույթի չիմացություն եւ այդպիսով ավելացնել լեգիտիմ հռետորաբանության «խորթությունից» բխող խուճապը, կամ պարզապես իմանալով այդ ամենը՝ զբաղվել տեղեկատվական մանիպուլյացիայով՝ ինչ-ինչ նպատակներով:

Թե այդ տարբերակներից ո՞ր դաշտում է ադրբեջանա-ամերիկյան եւ հայ-ամերիկյան հարաբերությունների այսպես ասած ուղիղ «թվաբանական» կամ «մաթեմատիկական» համեմատությունը, առանձին հարց է՝ նայած համեմատության դեպքերի եւ համեմատողների:

Բայց իրական քաղաքականության ռեժիմում անհամարժեքություն է համեմատել այդ երկու ուղղություններն այդ ելակետով, մի շարք պատճառներով: Առաջինը կարծես թե շոշափվեց՝ Հայաստանում նոր իշխանություն է, այդ իշխանությանը ժամանակ է պետք արտաքին կապերը ձեւավորելու համար, եւ այստեղ նվազագույն խնդիրը դրանցում որեւէ փլուզում կամ հետընթաց թույլ չտալն է, ինչը նկատելիորեն ապահովվում է:

Մյուսն այն է, որ ադրբեջանա-ամերիկյան եւ հայ-ամերիկյան հարաբերությունը չի կարող չափվել այցերի համեմատությամբ ու ընդունելության մակարդակների համադրությամբ, թեեւ առ այսօր դրանցում չի եղել շոշափելի տարբերություն: Տարբերություն եղել է Վրաստանի դեպքում, միանգամայն հասկանալի պատճառով:

Միեւնույն ժամանակ, ամերիկա-ադրբեջանական հարաբերությունն ինքնին Հայաստանի համար մարտահրավեր չէ, այլ թերեւս հակառակը, ինչը բավական հստակ արտացոլվում էր Ալիեւին Թրամփի հղած շնորհավորանքներում: ԱՄՆ նախագահը շեշտում էր, որ «սպասում» է գործակցության Ադրբեջանի քայլերին: Ի՞նչ է նշանակում, եթե գերտերություն ԱՄՆ սպասում է Ադրբեջանի քայլերին: Դա նշանակում է, որ Ադրբեջանը դեռեւս դիմադրում է ինչ որ բանի, եւ Թրամփը պարզապես դիվանագիտորեն ակնարկում է, որ ԱՄՆ դեռ սպասում է, այսինքն Ադրբեջանը դեռ ունի շանս:

Այն Ադրբեջանը, որն ԱՄՆ-ին մի քանի անգամ մեղադրել է արցախյան խնդրում հայանպաստ դիրքորոշման համար: Որովհետեւ Միացյալ Նահանգները Բաքվի առաջ խնդիրը դրել է շատ հստակ՝ եթե Ադրբեջանը ցանկանում է լինել Արեւմուտքի գործընկերը էներգետիկ հարցերում, իսկ այլ հարցերում Ադրբեջանի գործընկերության կարիքը կարծես թե չկա, ապա պետք է դադարի արցախյան խնդրում փնտրել պատերազմի աշխարհքաղաքական հավանություն, որովհետեւ պատերազմող երկիրը չի կարող լինել նավթ ու գազ արտահանող երկիր:

Այդ իմաստով, ամերիկա-ադրբեջանական գործակցությունը նշանակում է Ադրբեջանի ռազմատենչության զսպման հավելյալ մեխանիզմ, ոչ թե հակառակը՝ ԱՄՆ աջակցություն Ադրբեջանին Արցախի խնդրում:

Հայ-ամերիկյան հարաբերությունը չի կարող լինել նույն տրամաբանության մեջ եւ ըստ այդմ չի կարող չափվել ամերիկա-ադրբեջանական հարաբերության առերեւույթ համեմատությամբ: Հայաստանը դիտարկվում է ռուսական պատասխանատվության գոտում գտնվող սուբյեկտ, որից Միացյալ Նահանգներն ակնկալում է պետական ներքին արդիականացում, առանց Ռուսաստանի իշխանության հետ խնդիրների: Նահանգները չունի Հայաստանին սեփական պատասխանատվության կամ ազդեցության գոտի բերելու խնդիր: ԱՄՆ աշխարհքաղաքական շահը տվյալ կոնտեքստում այն է, որ հայ-ռուսական հարաբերությունը լինի այնպիսին, որ Հայաստանը Մոսկվայի համար լինի իրապես դաշնակից պետություն՝ անվտանգության հարցում անփոխզիջումային փոխադարձ դաշնակցությամբ, այլ ոչ թե դիտարկվի թուրք-ադրբեջանական ուղղությամբ առեւտրի մանրադրամ, ինչը կլինի խաղ Վաշինգտոնի թիկունքում:

Դա չի նշանակում անշուշտ, որ պաշտոնական Երեւանը չպետք է ձգտի պաշտոնական Վաշինգտոնի հետ ամենաբարձր մակարդակի գործակցության, շփումների: Խնդիրն այստեղ այն է, որ չափման բուն ելակետերը պետք է լինեն ոչ թե այդ շփումների վիճակագրությունն ու պաշտոնեական մակարդակը՝ առնվազն առաջիկա տարվա ընթացքում, այլ ներքին վերափոխումների գործընթացն ու դրանց արդյունավետության բարձրացումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Like this post? Please share to your friends: