Շոուն այսօր ավարտվեց

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր վարկային ծրագրերին, «որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում՝ կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում. այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք»:

Նիկոլ Փաշինյանը նախարարներին հանձնարարել է իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ: «Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ», ասել է նա:
Ինչ վարկային ծրագրեր են՝ վարչապետը չի ասել: Ենթադրվում է, որ դրանք արտաքին վարկային ծրագրեր են, որի դիմաց Հայաստանը վճարում է: Ընդ որում, պետք է ենթադրել, որ խոսքը բավական մեծ գումարների մասին է, եւ դատելով վարչապետի խոսքից, այդ վիճակն առաջացել է ոչ կառավարության մեղքով:

Հայտնի է, որ վարկային միջոցները նախկին իշխող համակարգի սնուցման աղբյուրներից մեկն էր տրանսֆերտների հետ միասին: Այս գումարները անվտանգության բարձիկի դեր էին խաղում համակարգի համար, որի միջոցով ապահովվում էին քվոտաների կայունությունը եւ գերշահույթները:

Այսօր Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն հանքարդյունաբերության ոլորտում բացահայտված սխեմայի վերաբերյալ:

«ՀՀ տարածքում հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին։ Ընդ որում, 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության»։

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ Հայաստանում գրանցված ընկերությունների և ակտիվների սեփականությունը և դրանց տնօրինումն իրականացվում է միևնույն կենտրոնից, ինչի հետևանքով հանքարդյունաբերության ոլորտում գործող բազմաթիվ կազմակերպություններ հայտնվել են մեկ կազմակերպության կառավարման տակ, ինչը հանգեցրել է ապրանքային շուկաներում մրցակցության կրճատմանը և կենտրոնացվածության մեծացմանը:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բարձրացնելը կամ իջեցնելը, կամ պահպանելը, ինչպես նաև մրցակցությունը սահմանափակելը նախնական համաձայնությամբ կամ համաձայնեցված գործողությունների միջոցով, որն ուղղված է շուկան տարածքային սկզբունքով բաժանելուն, այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, տնտեսվարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, խտրական գներ սահմանելուն կամ պահպանելուն):

Հայաստանում սկիզբ առած բացահայտումները շատերն անվանում են շոու: Կա նաեւ տեսակետ, որ այդ բացահայտումներն առայժմ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար չեն, այլ առանձին դրվագներ: Հնարավոր է, հնարավոր է նաեւ շոուի տարրեր կան, բայց այսօր այդ շոուն ավարտվեց: Այս երկու հաղորդագրությունները վերաբերվում են արդեն լուրջ, համակարգային սխեմաներին, որոնց մոտ գեներալ Մանվելը կամ Սերժի Վաչոն կարող են թվալ «մանր գրպանահատներ»:

Ընդ որում, երկու դեպքում էլ կարծես թե գործ ունենք սխեմաների միջազգային ընդգրկման հետ, որն ավելի է լրջացնում իրավիճակը:

աղբյուր

Like this post? Please share to your friends: