Ցնցող լուր․դատարանի որոշմամբ ՀՀԿ-ի գործունեությունը կարող է դադարեցվել

Հայաստանում Հանրապետական կուսակցության գործունեությունը արգելելու օրինական ճանապարհ կա։

Մի շտապեք պնդել, թե սա քաղաքական վենդետայի կնմանվի և ՀՀԿ-ի գործունեության արգելմամբ Հայաստանը կկորցնի ժողովրդավար պետություն դառնալու շանսը։ Սիրո և համերաշխության հեղափոխություն ասելով ամենևին չի կարելի հասկանալ անպատժելիություն և ամենաթողություն։ ՀՀԿ-ի արգելումը պետք է տեղի ունենա դատարանի օրինական վճռով և փաստերի բավարար առկայությամբ։

Հիմա տեսնեք։ Հետհեղափոխական Հայաստանում գրեթե ամեն օր Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, իրավապահ համակարգի այլ կառույցներ, նախարարությունները բացահայտում են ՀՀԿ ներկա ու նախկին պաշտոնյաների թույլ տված կոռուպցիոն բնույթի չարաշահումներ, անարդյունավետ ծախսեր, ատկատներ։ Հոդվածն ավելորդ մանրամասներով չծանրաբեռնենք և կոնկրետ օրինակները մեջ չբերենք։ Ընդամենը բացեք մամուլը և հետևեք հրապարակումներին։

Պետությանը հասցված վնասներն արդեն այս պահին միլիոնավոր դրամների են հասնում։ Առաջիկա օրերին, երբ ԱԱԾ-ի «350 հերոսները» պայմանական անունով գործողության արդյունքները տեսանելի լինեն, փաստացի կխոսենք պետությանը հասցված միլիարդավոր դրամ վնասների մասին և կիմանանք անօրինականությունների հեղինակներին։

ԱԱԾ-ն/ոստիկանությունը պարտավոր են հասարակության առաջ բացահայտել կոնկրետ պաշտոնյայի և անօրինական բիզնես գործունեության միջև առկա կապը՝ ամբողջացնելով կոռուպցիոն կծիկը և նաև այն, թե ովքեր են ստեղծել այդ մեխանիզմները և կառավարել։ Կասկած անգամ չկա, որ այս ամենը կարող էր տեղի ունենալ միայն ՀՀԿ իշխանության թույլտվության պայմաններում։ Բնականաբար, թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։

Ինչպես գիտենք, երեկ կալանավորվել են ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի յուրային անձինք, որոնք բռնաճնշումների են ենթարկել խաղաղ հանրահավաքների մասնակիցներին։ Թե ում հրահանգով և ում դրդմամբ են այդ մարդիկ գնացել հանցագործությունների, իհարկե կպարզեն քննչական մարմինները։ Բայց կարծես թե հարցի պատասխանը գուշակելու կարիք չկա։

Իրավապահ մարմիններին պետք է որ դժվար չլինի հիմնավորել, որ ՀՀԿ իշխանության մեջ գտնվողերն են ջարդարարների գումարտակներ կազմել և ուղարկել «մարտի դաշտ»։

ԱԱԾ պետն այսօր ասել է, որ դեռ երեկվանից կոռուպցիոն սխեմաների մեջ կասկածվող/անուղղակի ներգրավված անձինք են բերման ենթարկվում։ Առաջիկա օրերին անուն առ անուն կհայտարարվեն «շուստրի» և արտոնյալ պաշտոնյաների անունները։ Նրանք կեղծիքի գործադրմամբ բիզնես են վարել և չեն կատարել հարկային պարտավորությունները։

Պետական միջոցները մսխելու և անօրինական բիզնեսների տիրապետելու փաստեր կարելի է հավաքել նաև՝ փորձելով ուսումնասիրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերը։ Օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի 250 միլիոն դրամ, 50 հազար եվրո և գրեթե նույն չափի դոլար գումար։

Իրավապահներին պետք է հետաքրքրի՝ ամբողջ կյանքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած Մարգարյանը ինչպե՞ս է հաջողացրել այսքան հարստանալ։ Բայց որպես թույլ օղակ միայն Տարոն Մարգարյանին չէ, որ արժի դիտարկել։

ՀՀԿ-ի հանցագործությունների շարքը կարելի է լրացնել ինչպես ասենք մարտի 1-ի գործը, 2016-ի հուլիսի 29-ին լրագրողների դեմ բռնությունները, այնպես էլ ընտրական հանցագործությունները արդար քննելով։

Պետք է պարզվեն նաև, թե քաղաքական ինչ որոշումների արդյունքում են քաղբանտարկյալները հայտնվել բանտերում և անօրինական ազատազրկվել, թե ի՞նչ շահագրգռություն են ունեցել դատախազությունն ու քննչական մարմինները՝ կեղծ քրեական գործեր սարքելու և մարդկանց ճակատագրերը խեղելու համար։

Բոլոր այն անձինք, որոնք մաս են կազմել ՀՀԿ իշխանության, պետք է անցնեն «մաքրագործող պրոցեդուրայով»՝ ստուգվեն միջոցների օրինականությունը և կազմակերպված հանցագործություններում ներգրավվածության աստիճանը։ Եթե պետության առաջ կան արդար գտնված ՀՀԿ-ականներ, իրավապահները պետք է նրանց հանգիստ թողնեն։

Իհարկե, ՀՀԿ-ի գործունեության արգելումը կարող է բացասական երանգ ենթադրել՝ զուտ զգայական մակարդակի վրա, բայց դա չի նշանակում, որ խնդիր կունենանք օրինականության հետ։

Հայաստանի Հանրապետությունում օրինական գրանցում ունեցող ցանկացած կազմակերպություն, լինի դա հասարակական կամ քաղաքական, պարտավոր է գործել օրինականության շրջանակներում, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։ իրավապահ մարմինները դեռևս ամբողջությամբ չեն բացահայտել Հանրապետական կուսակցության մասնակցությամբ կատարված հանցագործությունների ողջ ծավալը։ Ապագայում ներկայացվելիքն էլ կգումարվի այսօրվա փաստերին և ՀՀԿ-ի գործած հանցագործությունների պատկերը կամբողջանա։

Իրավապահները պարտավոր են հանրության բացատրել՝ ինչպե՞ս է պատահել, որ Հայաստանի տնտեսության 40%-ը գտնվել է ստվերում։ Ովքե՞ր են եղել արտոնյալ գործարարները և քաղաքական ո՞ր ուժի թողտվությամբ են այդ արտոնություններն ստացել։ Ո՞ւր են գնացել քաղաքացիներից կորզված սև փողերը և ինչ նպատակով են ծախսվել։

Եթե ՀՀԿ-ն չկանգնի արդար դատարանի առաջ և կատարված հանցագործությունների համար պատասխան չտա, դա կնշանակի, որ Նոր Հայաստանը մենք կառուցում ենք խարխուլ հիմքերի վրա, որտեղ պատասխանատվության ինստիտուտը չի գործում կամ գործում է թերի։

Ամփոփելով նշենք, որ կարող են հեշտությամբ բավարար փաստեր ու ապացույցներ հավաքվել, ըստ որոնց՝ ՀՀԿ-ն պետական իշխանությունը օգտագործել է պետությանը մտածված ձևով վնաս հասցնելու նպատակով, ՀՀԿ-ն վտանգել է ազգային անվտանգությունը, գործել է Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։

Դատարանի սեղանին կդրվեն ՀՀԿ-ի գոյության իրավականությունը վիճարկող ծանրակշիռ փաստարկներ։ Վնասարար կազմակերպություն չի կարող շարունակել իր գործունեությունը, լինի դա քաղաքական, հասարակական կամ այլ բնութի։

Հայաստանում լավ իրավաբաններ կան, որոնք կարող են ճիշտ լուծումներ և ձևակերպումներ տալ խնդրահարույց իրավիճակներին։

Միջազգային գործընկերների, և առաջին հերթին Հայաստանի հասարակության համար պետք է ողջ պրոցեսը լինի բաց, ընկալելի և հարցեր պիտի չառաջանան։

Ռոբերտ Անանյան

Like this post? Please share to your friends: