Անսովոր իրավիճակ. Որտեղից է իրական վտանգը

Օրերս իրավապահները բացահայտել են կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են մի խումբ քաղաքացիներ, պաշտոնատար անձինք, այդ թվում` բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ: Կաշառքի դիմաց կազմակերպել և իրականացրել են 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումների հիմքով պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ՀՀ շուրջ չորս տասնյակից ավելի զինակոչիկների ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը, ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Այսինքն, այս սխեման գործել է արդեն թավշյա հեղափոխությունից հետո:

Ներկայում, որքան մոտենում է նոր կառավարության 100-օրը, երբ ընդունված չէ քննադատել այդ ընթացքում, աշխույժ բանավեճեր են ծավալվել արտաքին ու ներքին քաղաքականության, կադրային խնդիրների շուրջ:

Քաղաքական ուժերը պատրաստվում են արտահերթ ընտրություններին, քննարկում Ընտրական օրենսգիրքը, եւ այստեղ էլ բուռն բանավեճեր են սկսվել, մասնավորապես կառավարության, քաղհասարակության առաջարկների ու կուսակցությունների պահանջների շուրջ:

Ընդհանուր առմամբ, այս բանավեճերում մի կողմից երեւում է «հնի» ու «նորի» բախումը, մյուս կողմից նկատելի է, որ նոր իրավիճակն անսովոր ու անհասկանալի է շատերի համար: Ընդ որում, թե Հայաստանում, թե արտաքին գործընկերների շրջանում:

Դա թերեւս գալիս է նաեւ նրանից, որ նոր կառավարությունը քիչ ինչ «շեղվել» է բուն օրակարգից՝ արտահերթ ընտրության կազմակերպում նոր Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների եւ Սեփականության մասին նոր օրենքների ընդունմամբ:

Մյուս կողմից, կառավարությունը չի կարող չզբաղվել ներքին ու արտաքին ընթացիկ խնդիրներով, եւ այստեղ բնականաբար առաջանում են որոշակի խնդիրներ, քանի որ ժամանակավոր կառավարությունն օբյեկտիվորեն չի կարող ողջ ծավալով իրացնել «հիմնական» կառավարության գործառույթները:

Այստեղ է հիմնական խնդիրը եւ վտանգը, եւ այստեղ է բոլորի պատասխանատվությունը նոր իրավիճակն անշրջելի դարձնելու հարցում: Իներցիայի ուժը բավական մեծ է, առավել եւս Հայաստանում երկու տասնամյակ հաստատված համակարգի իներցիան՝ իր արժեքային ու մոտիվացիոն բնույթով, որը խորը թափանցել է հանրային լայն շերտեր: ԱԱԾ վերը նշված բացահայտումը, մեդիա-քաղաքական շրջանակներում ներկայում տեղի ունեցող քննարկումները հիմնական մասով դրա վկայությունն են:

Հեղափոխությունը վերաբերվում է բոլորին, եւ դրա վերջնարդյունքը կախված է նրանից, թե այն արվում է մեկ հոգո՞վ, թե հանրային լայն մասնակցայնությամբ ու պատասխանատվությամբ, կենցաղից մինչեւ քաղաքականություն:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Like this post? Please share to your friends: