Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը՝ Մանվել Գրիգորյանի մասին․«Ժամանակ»

«Ժամաակ» օրաթերթը գրում է․

Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունի հետեւանքով ոտքերը կորցրած հերոս Դավիթ Գրիգորյանը ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի քայլն ազգի դավաճանություն է համարում. «Խոսքեր չեմ գտնում, մի բառ կարող եմ կարճ ասել, դա ազգի դավաճանություն է»:

ՀԺ-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանն ասաց, որ բնականաբար զարմացած է, չէր սպասում, որ հայ իրականության մեջ նման մարդ կարող է գտնվել, որն այդ օրերին զինվորից հաց է խլել: «Զարմացա, բայց վստահ եմ՝ ինքն իր արժանի պատիժը կկրի»,- ասաց Ապրիլյանի հերոսը: Դավիթը ծառայել է Թալիշի զորամասերից մեկում, վստահեցնում է, որ դիրքերում եղած ժամանակ իրենց հասանելիք խտացրած կաթը ստացել են. «Որ օրը սննդակարգով մեզ ինչ հասնում էր՝ տալիս էին»:

Ապրիլյան պատերազմի հերոսն ասաց, որ մեր նախորդ զրույցից հետո իր կյանքում շատ բան չի փոխվել, ապրում է իր առօրյայով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր սույն թվականի փետրվարի 24-ին: Սակայն դժվարացավ ասել, թե երբ կամուսնանա: «Դեռ պետք է աշխատանք ճարեմ, ամուսնանալը կմնա երեւի մյուս տարի, հստակ չգիտեմ: Բայց այս պահին ոչ մի աշխատանք էլ չեմ կարող կատարել, որովհետեւ պետք է վիրահատվեմ, դրանից հետո նոր կկարողանամ»,- ասաց Դավիթը:

Դավիթ Գրիգորյանին մոտ ժամանակներս վիրահատելու են Երեւան քաղաքի Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ինքնազգացողությունից չի բողոքում, ասաց, որ լավ է. «Միայն ոտքերս են ցավում երբեմն, բայց դա էլ ոչ միշտ: Ամեն ամիս բուժզննում եմ անցնում: Գնում եմ, բժիշկս նայում է, հետ եմ գալիս»: Դավիթը ոչ մի դեղորայք չի օգտագործում, բուժզննումներն ու վիրահատությունն անվճար են, իսկ պետության կողմից ստանում է 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ:

Ապրիլյան պատերազմի հերոսը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, որին ի վիճակի կլինի, սակայն որեւէ աշխատանք դեռ չի գտնում: Այս պահին հայրիկի՝ իր համար գնած ավտոմեքենան է սարքում: Դավիթն ապրում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում: Նստակյաց կյանք չի սիրում, եւ չնայած երկու ոտքերն էլ կորցրել է ու պրոթեզների օգնությամբ է շարժվում, միեւնույն է՝ գերադասում է ակտիվությունը: «Համակարգչային որեւէ աշխատանք էլ չէի ուզենա կատարել, համակարգչի առջեւ երկար մնալուց նյարդայնանում եմ»,- ասաց նա:

Դավիթը «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում իրավագիտություն է սովորում, դեռ հեռակա երկրորդ կուրսում է, իսկ նշանածը՝ Սոնան, դպրոցն ավարտելուց հետո կրթությունը չի շարունակել:

Նյութի աղբյուրը

Like this post? Please share to your friends: